National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 1-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ փաթեթով առաջարկվում է դրա կազմում ընդգրկված օրենքները եւ դրանցում օգտագործված պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ:

Հանձնաժողովը քննարկված փաթեթին դրական եզրակացություն է տվել` ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պատգամավորներն ամփոփել են «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը երեք ոլորտների մասով՝ արտակարգ իրավիճակների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության: Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու պաշտպանության, ազգային ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արդեն իսկ քննարկվել է տարեկան հաշվետվությունը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ոլորտի բյուջետային հատկացումները եւ իրականացված ծրագրերը: Սեյսմիկ պաշտպանության ազգային անվտանգության ծրագրով բյուջետային ֆինանսավորումն ամբողջությամբ կատարվել է, ծրագրված աշխատանքներն իրականացվել են: 150 դիտակայանի միջոցով իրականացվել է շուրջօրյա մոնիթորինգ: Պարոն Տերտերյանի խոսքով՝ սեյսմիկ պաշտպանության ծառայության ցանցը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Կարեւորելով հանրային շինությունների սեյսմակայունությունը՝ կառավարությունում քննարկվում է դպրոցաշինության խոշոր ներդրումային ծրագիր: Փոխնախարարը նշել է, որ սեյսմիկ կայաններն ամբողջությամբ վերազինելու խնդիր կա, ինչը հնարավորություն կընձեռի դրանց տեխնիկական չափորոշիչները համապատասխանեցնել արդի պահանջներին: Նրա գնահատմամբ՝ բնագավառի կարեւորագույն խնդիրներից մեկը բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է:

Հիդրոօդերեւութաբանական ծառայությունների ծրագրով հաշվետու տարում ծախսային մասով աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է եղել աշխատավարձերի բարձրացմամբ. ներդրումային եւ ծրագրային մասով փոփոխություններ չեն եղել:

Փրկարար ծառայության ծրագրով եւս ֆինանսավորումն իրականացվել է պլանավորված ծավալով: Որոշ մարզերում անցյալ տարվանից սկսվել են իրականացվել ճգնաժամային կենտրոնների ստեղծման աշխատանքներ: Նախորդ տարվա համեմատ աճել է 911 ծառայությունից օգտվողների թիվը:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ բյուջեի կատարողականը 2014 թ. կազմել է 98.9 տոկոս: Նրա խոսքով՝ կառուցվածքային եւ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում ոլորտում, բարեփոխումները շարունակվում են:

2014 թվականին հաստատվել է համայնքային ոստիկանության կարգը. Երեւանում գործում են 11 հենակետեր, գյուղական համայնքներում՝ 760 աշխատասենյակներ: Նշվել է, որ անձնագրային համակարգում անցում է կատարվել նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգի: Ներդրվել է արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում կատարվող գրանցումների վերաբերյալ տվյալների ավտոմատ եղանակով պետական ռեգիստրի բազայում արտացոլման եւ ուղղումներ կատարելու տեխնիկական համակարգ: Սահմանային անցման կետերում շուրջօրյա ռեժիմով, նաեւ ոչ աշխատանքային օրերի համար, ստեղծվել է անձնագրում օտարերկրյա պետություն մեկնելու վավերականության նշում կատարելու եւ անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու հնարավորություն: Տեղաշարժվելու հնարավորություն չունեցող եւ ազատազրկված անձանց համար ներդրվել է շարժական կայանների միջոցով անձնագրեր տալու համակարգը: Հանրապետությունում գործում են 104 տեսանկարահանող եւ 167 արագաչափ սարքեր: Պարոն Եղիազարյանն անդրադարձել է նաեւ ոստիկանության համագործակցությանը միջազգային եւ տեղական կառույցների հետ, ներկայացրել հանցագործությունների վիճակագրությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշել է, որ հաշվետու տարում ոլորտի կատարողականը կազմել է 96.7 տոկոս: Կատարվել են վերանորոգման աշխատանքներ հիմնականում սահմանապահ զորքերի ուղեկալներում: Առողջապահական եւ կրթական ծրագրերի իրականացման համար եւս հատկացումներ են արվել:

Պատգամավորները քննարկվող ոլորտների վերաբերյալ իրենց մտահոգություններն են արտահայտել, որոնք վերաբերել են հակակարկտային կայանների պահպանմանը, վերագործարկմանը եւ կառավարմանը, ջրամբարների ուսումնասիրությանը, սահմանամերձ շրջաններում փրկարարական կամավորական ծառայությունների ստեղծմանը, վթարային շենքերի ամրացմանը, ոստիկանության խնդիրներին: Ոլորտի պատասխանատուները անդրադարձել են հնչեցված հարցերին ու ներկայացրել առկա խնդիրները:

Ամփոփելով նիստի աշխատանքը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է նման քննարկումները, որոնց ընթացքում հնարավոր է լինում գնահատել աշխատանքի արդյունավետությունը, իրականացված ծրագրերը եւ հասկանալ գերակա խնդիրները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am